Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Ավակովին պաշտոնից ազատելու հարցը. նույն պահանջով շենքի մոտ է հավաքվել մոտ 500 մարդ

13:28 • 28.03.14

Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է խորհրդարանի կողմից նշանակված ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Համապատասխան փաստաթուղթը գրանցվել է ուրբաթ, դրա հեղինակը պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախարարի հրաժարականն է պահանջում «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժումը, որի ներկայացուցիչները կարծում են, որ Ավակովը մեղավոր է շարժման առաջնորդներից մեկի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանության համար:

 

500-ից ավելի մարդ, այդ թվում՝ «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժման աջակիցները հավաքվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով Արսեն Ավակովի հրաժարականը: Խորհրդարանի մոտ են գտնվում նաև «Մայդանի ինքնապաշտպանության» ներկայացուցիչները, որոնք մտադիր են խոչընդոտել խորհրդարանի շենքի հնարավոր գրոհը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ իրավիճակը խորհրդարանի մոտ դեռևս հանգիստ է: