Վարդան Պետրոսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց և պահանջեց դատարանի ինքնաբացարկը. Նիստը հետաձգվեց

18:34 • 28.03.14

Մինչև աշխատանքային օրվա ավարտն այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որով պահանջում էր դատավորի ինքնաբացարկը:


Նիկոլայ Բաղդասարյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ դատավորը կողմնակալ մոտեցում է ցուցաբերում և իր ասածը հիմնավորեց մի քանի փաստարկներով:


Դատավոր Վաղինակ Մկրտչյանը, լսելով պաշտպանի ներկայացրած միջնորդությունը, հայտարարեց, թե ինքը պարտավոր է լսել բոլոր կողմերին, իսկ աշխատանքային օրն ավարտվում է, այդ պատճառով ստիպված է նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին:


Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց հաջորդ նիստը նշանակել մարտի 31-ին, քանի որ Ֆրանսիայից Հայաստան ժամանած Վարդան Պետրոսյանի փաստաբանները Հայաստանից մեկնելու խնդիր ունեն, սակայն դատավորն իր որոշումը չփոխեց:


Ավելի վաղ Վարդան Պետրոսյանն օգտվել էր խոսքի իրավունքից և դիմել տուժող մայրերին. «Թույլ տվեք ծնկաչոք ներողություն խնդրել»։