Վ. Պետրոսյանի պաշտպանը կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխելու միջնորդություն ներկայացրեց. Դատարանը գնաց խորհրդակցելու

15:53 • 28.03.14

Դատական նիստը շարունակվում է, դատախազն առաջարկեց շարունակել և չհետաձգել դատական նիստը, քանի որ տուժող կողմի փաստաբանը լիազորված է ներկայացնել տուժողների շահերը։
 

Դատախազը դեմ արտահայտվեց ֆրանսիացի փաստաբանների թարգմանչի ներկայությանը դատական նիստին։ Դատավորը հայտարարեց, որ մերժում է ամբաստանյալի կողմի միջնորդությունը՝ դատական նիստին թարգմանիչ Հասմիկ Խաչատրյանի մասնակցությունը, սակայն միայն այս նիստին թույլ կտան, որ նա ներկա գտնվի։ Նշվեց նաև, որ ֆրանսիացի փաստաբանները Հասմիկ Խաչատրյանի միջոցով չեն կարողանա արտահայտվել։


Դատարանը որոշեց դիմել ՀՀ դատական դեպարտամենտին՝ սույն դատական գործով հաջորդ նիստերին ֆրանսերեն-հայերեն թարգմանիչ տրամադրելու միջնորդությամբ։


Նիստի ընթացքում ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մի շարք փաստեր ներկայացրեց դատարանին՝ մատնանշելով, թե իր պաշտպանյալն ապօրինաբար է պահվում անազատության մեջ, և նրա նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի։ Այս միջնորդությանը տուժող կողմն առարկեց։


Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանն անցավ խորհրդակցական սենյակ։


Նշենք, որ տուժողներ Հայկ և Արթուր Հակոբյանները դեռևս չեն վերադարձել հիվանդանոցից։