Յանուկովիչը կոչ է արել ուկրաինացի ժողովրդին Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել

13:07 • 28.03.14

Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացի ժողովրդին ուղղված իր ուղերձում կոչ է արել Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

 

«Որպես նախագահ, ով ձեզ հետ է մտքերով և հոգով, կոչ եմ անում Ուկրաինայի յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացու, թույլ մի՛ տվեք ինքնակոչներին ձեզ օգտագործել: Պահանջե՛ք Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեի անցկացում»,- ասված է ուկրաինացի ժողովրդին ուղղված Յանուկովիչի ուղերձում, որն ուղարկվել է ИТАР-ТАСС գործակալությանը:

 

Միայն համաուկրաինական հանրաքվեն, այլ ոչ շտապ արտահերթ նախագահական ընտրությունները կարող են նշանակալի չափով կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, կարծում է Յանուկովիչը:

 

Օրենսդրությունում ներառված, այդ թվում և Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերաբերյալ հակասահմանադրական փոփոխությունները «բացառում են արդար ընտրությունների հնարավորությունը, երբ էլ դրանք կայանան», համոզված է նա:


Բացի այդ, Յանուկովիչը Ռեգիոնների կուսակցությանը խնդրել է իրեն զրկել կուսակցության պատվավոր նախագահի լիազորություններից և հանել նրան կուսակցությունից:

 

Յանուկովիչն իր վերջին հայտարարությունն արել էր Դոնի Ռոստովում՝ մարտի 11-ին։ Ելույթի ժամանակ նա հայտարարել էր, որ շարունակում է մնալ Ուկրաինայի լեգիտիմ նախագահն ու Գերագույն հրամանատարը: Նա նշել էր, որ հեղաշրջման ժամանակ չի փախել Ուկրաինայից և կվերադառնա, երբ թույլ տան հանգամանքները:



Իսկ փետրվարի 28-ին Յանուկովիչը Դոնի Ռոստովում ասուլիս էր հրավիրել, որտեղ մասնավորապես հայտարարել էր, որ ստիպված է լքել Ուկրաինան՝ «իր և իր մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով» և նշել, որ ինքը մնում է պետության օրինական նախագահը և մտադիր է շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի։