Մայդանի առաջնորդներն իշխանության են եկել` նացիստ գրոհայինների ուսերին նստած. Յանուկովիչ
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահ է, որ իր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը նախապես ծրագրվել էր արևմտյան երկրներում, իսկ Մայդանի առաջնորդներն իշխանության են եկել՝ նացիստ գրոհայինների ուսերին նստած։
Ինչպես նշում է Взгляд-ը, Յանուկովիչը նաև ասել է, որ Ուկրաինայի ապագան արդեն երկար ժամանակ է, ինչ որոշվում է այդ երկրի սահմաններից դուրս և ամենևին էլ ոչ ժողովրդավարական մեթոդներով։
«Մայդանի առաջնորդներն իշխանության են եկել՝ նացիստ գրոհայինների ուսերին նստած։ Հազարավոր զինված երիտասարդներ, զգալով իշխանության ու արյան համը, սկսեցին շրջել Ուկրաինայի բոլոր շրջաններով՝ փորձելով նոր կարգ սահմանել։ Միևնույն ժամանակ նրանք զբաղվում էին կողոպուտով, սպանություններով, դրամաշորթությամբ՝ իրականացնելով նաև Մայդանի «վերևներում» կանգնած կլանների պատվերները»,- ասվում է Յանուկովիչի հայտարարության մեջ, որի տեքստը տրամադրվել է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանը։
Բացի այդ, իշխանությունից հեռացված ղեկավարն անդրադարձել է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին՝ ընդգծելով, որ դրանք ապօրինի են լինելու։










