Յանուկովիչը բացատրել է, թե ինչու չի ցանկացել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

14:25 • 28.03.14

Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր ուղերձում փորձել է կրկին բացատրել պատճառները, թե ինչու է որոշվել չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Մենք փուլ առ փուլ բարձրացնում էինք աշխատավարձերը, կենսաթոշակները, բարեփոխում էինք երկիրը՝ մոտեցնելով եվրոպական չափանիշներին, պատրաստվում էինք ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն։ Սակայն հոկտեմբերին պարզեցինք, որ այդ համաձայնագրերը չեն անցել արտադրողների մասնակցությամբ պարտադիր խորհրդարանական լսումները։ Եվ երբ այդ հարցը սկսեց բարձրացվել, և տեղեկությունը հասավ ճյուղային արհմիություններին, առանձին խոշոր ձեռնարկություններին, արտադրողների միություններին, նրանց համար դա շոկ էր»,- ասել է Յանուկովիչը։

 

Նա նշել է, որ ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ իրենց գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներն ունեցել են տասնյակ անգամ քիչ դոտացիաներ բյուջեից, քան Եվրոպայի իրենց գործընկերները, որոնց համար Ուկրաինայի սպառողական շուկան բացվում էր 100%-ով։ «Արդյունքում մեր ուկրաինացի արտադրողը դառնում էր ոչ մրցունակ։ Անհրաժեշտ էր դառնում հեռանալ սեփական սպառողական շուկայից»,- ասել է Յանուկովիչը։

 

Ռուսաստանը զգուշացրել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում կպաշտպանի իր շուկան և կբարձրացնի Ուկրաինայի համար մաքսատուրքերը, շարունակել է Յանուկովիչը։ «Այդպիսով՝ ուկրաինական ձեռնարկությունների համար, որոնք աշխատում են ագրոարդյունաբերության և հարակից ոլորտներում, կանգ առնելու իրական վտանգ կար, իսկ դա նշանակում էր նաև աշխատատեղերի կորուստ»,- հավելել է Յանուկովիչը։

 

Նմանատիպ խնդիրը վերաբերել է նաև Ուկրաինայի գրեթե ամբողջ մեքենաշինական համալիրին, տրանսպորտային մեքենաշինությանը, էներգետիկ, ռազմարդյունաբերական համալիրին և այլն։

 

«Մենք գրեթե այլ ելք չունեինք, քան առաջարկել ԵՄ-ի մեր գործընկերներին դադար վերցնել, անցկացնել եռակողմ բանակցություններ՝ ԵՄ, Ուկրաինա և Ռուսաստան ձևաչափով։ Եվ ես ստիպված էի դա անել։ Այդ տարբերակով համաձայնագիրը ստորագրել ես չէի կարող. այն չէր համապատասխանում Ուկրաինայի ազգային շահերին։ Այդ համաձայնագիրը երկրին հսկայական քանակությամբ անուղղելի ռիսկեր կբերեր»,- ասել է Յանուկովիչը։