Երբ խոսում ենք կենսաթոշակային համակարգի մասին, իրավունք չունենք հուզական գնահատականներ տալ. Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի հետևում Սահմանադրական դատարանում ընթացող «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցով դատական գործընթացքին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երբ աշխատանքի մեջ է, չի կարող հետևել դատին:
Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համակարգին դեմ էր արտահայտվում, նախարարն արձագանքեց. «Ես նման գնահատականներ չէի տա, ամեն դեպքում` դատաքննության պրոցես է, հարցուպատասախան է, պարզաբանումներ են անհրաժեշտ»:
Հարցին՝ համակարգը կարո՞ղ է հակասահմանադրական ճանաչվել, նա հրաժարվեց կանխատեսում անել՝ հորդորելով սպասել. «Երկուշաբթի դատը շարունակվելու է, եկեք սպասենք. մեր կարծիքով՝ հակասահմանադրական չէ»:
Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի երեկվա հայտարարությանը, թե այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է, նախարարը նշեց, որ տեղյակ չէ նման հայտարարությունից.«Ես կարծում եմ՝ սոցիալական ոլորտի պաշտպանությունը հենց այդ հենքն է հաշվի առնում, այսինքն՝ Կառավարությունը մի մարմին է, որը մտածում է մարդկանց սոցիալական խնդիները լուծելու մասին և, բնականաբար, այդ հարցերը ևս հաշվի են առնվում: Երբ խոսում ենք կենսաթոշակային համակարգի մասին, իրավունք չունենք ուղղակի հուզական մակարդակով գնահատականներ տալ, որովհետև սոցիալական պաշտպանության ոլորտի մասին ենք խոսում, ոլորտում տարվող քաղաքականության մասին, որի թիրախն ու նպատակը ՀՀ քաղաքացին է»,-ասաց նախարարը:
Tert.am-ի հարցին, թե ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ ՍԴ-ում նշեց, որ օրենքով կարգավորված չէ, թե ինչպես պետք է իրականացվի 5%-ի պահումը հղի և երեխա ունեցող կանանց արձակուրդի պարագայում, նախարարը պատասխանեց.
«Դրանք դետալներ են, հարցեր, որոնք միշտ կարող են քննարկվել, հնարավոր լուծումներ գտնել ամենատարբեր հարցերի համար, և մենք երբեք չենք ասել, որ բոլոր խնդիրների համար 100%-անոց լուծումներ ունենք, կամ միակ ճիշտ որոշումները կայացված են, մանավանդ` 50 օրենքից կազմված օրենսդրական փաթեթը չի կարող թերություններ չունենալ: Չեն կարող հարցեր չլինել, կյանքն անընդհատ դինամիկ զարգացման ընթացքի մեջ է, և այդպիսի քննարկումների համար մենք միշտ բաց ենք եղել, բաց ենք և ինքներս ենք նախաձեռնում»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ համակարգը կատարելագործելուն միտված առաջարկությունները միայն ողջունելի կլինեն:










