Facebook-ում «գենդերի» 50 տարբերակը կլինիկական դեպք է. Համայն Ռուսիո պատրիարք

12:19 • 29.03.14

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «հիվանդ երևակայություն» և «կլինիկական դեպք» է անվանել ժամանակակից աշխարհում սեռի մասին մարդկանց պատկերացումները փոխելու փորձերը, մասնավորապես՝ ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկի օգտատերերին արված առաջարկը՝ սեռական պատկանելությունը 50 տարբեր տեսակներից ընտրելու վերաբերյալ, գրում է Russia Today-ը:

 

«Ավանդական արժեքների ոչնչացումն այսօր ազդում է նաև միջանձնային հարաբերությունների վրա: Մենք գիտենք, որ վիճարկման է ենթարկվում այն փաստը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև հարաբերությունն է, որ սեռական ընտրությունը մտավոր և կամավոր ընտրություն չէ, այլ Աստծո ընտրություն»,- ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Փրկչի տաճարում Ռուսաստանի շրջաններից կին գործարարների հետ հանդիպմանը:

 

Պատրիարք Կիրիլն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ սոցիալական ցանցերն այժմ «իրենց օգտատերերին առաջարկում են ընտրություն կատարել իրենց առավել հարմար այսպես կոչված 50 գենդերների միջից»:

«Երևի ինչ-որ հիվանդագին երևակայություն կա: Իհարկե, կարելի է ասել, որ դա կլինիկական դեպք է, և հավանաբար, դա կլինի ամենախելամիտ արձագանքը: Բայց այդ կլինիկական դեպքն այսօր օրենքով պաշտպանում են մի շարք երկրներում: Եվ երեխաներին սովորեցնում են դա և ասում. դու պետք է ընտրես՝ ո՞վ ես՝ տղա՞, թե՞ աղջիկ»,- ասել է պատրիարք Կիրիլը:

 

Պատրիարքի խոսքով՝ այդ ամենն արվում է «հանուն ազատության», սակայն նրա կարծիքով՝ «ամենասարսափելի անազատությունը մեղքից անազատությունն է»: