Գյուղացիները Հայաստանում ՀԷԿ-երի շինարարության հարցով մտահոգվելու առիթ ունեն. նախարարության պաշտոնյա

22:06 • 29.03.14

Գյուղացիները Հայաստանում ՀԷԿ-երի շինարարության հարցով մտահոգվելու առիթ ունեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանը և բացատրեց, որ մտահոգվելու առիթն այն է, որ ՀԷԿ-երը գործում են շեղումներով։


«Որովհետև ջրի սանիտարական թողքը չի մնում, ողջ ջուրն օգտագործվում է, սա է հիմնական խնդիրը»,-նշեց Հրաչ Ծուղունյանը` հավելելով, որ առկա սխալնները յուրքանչյուրն իր տիրույթում պետք է փնտրի։


Պաշտոնյան ընդգծեց, որ ՀԷԿ-ի թույլտվության համար պահանջվող օրենսդրության մեջ սխալ չկա. խնդիրն այլ է։ «Այսինքն՝ թղթի վրա ամեն ինչ նորմալ գրված է։ Խնդիրը մոնիտորինգի և վերահսկության կազմակերպումն է։ Երբ կարողանք ճիշտ կազմակերպել վերահսկողությունը, ժամանակին ամեն ինչը վերլուծել և ստանալ այդ «դեղին հետքերը», այդ ժամանակ կարելի է այդ բոլոր հարցերը լուծել»,-նշեց նա։
Իսկ թե կոնկրետ իրենք ի՞նչ են անում այդ ուղղությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետը պատասխանեց. «Թող բնապահպանության նախարությունն զբաղվի, մենք կապ չունենք»։

«Ջուրը` որպես ռեսուրս, տիրապետում է բնապահպանության նախարարությունը։»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ ժամանակ առ ժամանակ փոքր գետերի վրա կառուցվող ՀԷԿ-երի դեմ բողոքում են գյուղացիները, ովքեր պնդում են, որ ՀԷԿ-երը գետերի ջուրն ամբողջությամբ վերցնում են՝ ոռոգման համար ջուր չթողնելով։ Վերջերս Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներն էին բողոքի դուրս եկել՝ փակելով Երևան-Ապարան ավտոճանապարհը և պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը: Դրան դեմ են հանդես գալիս նաև բնապահպանները։