Արևմուտքը փորձում է արհեստականորեն ապացույցներ ստեղծել Ռուսաստանի մեկուսացման համար. Լավրով

13:34 • 29.03.14

Արևմտյան երկրները փորձում են արհեստականորեն ապացույցներ ստեղծել Ռուսաստանի միջազգային մեկուսացման համար, չնայած դրա համար իրական հիմքեր չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Մեկուսացումը տերմին է, որը մտածել են մեր արևմտյան գործընկերները՝ փորձելով գործել նեոիմպերիալիստական հավակնություններից ելնելով: Ինչ-որ բան իրենց ուզածով չէ՝ անմիջապես բռնում են պատժամիջոցների «մահակից»»,-ասել է նախարարը:

 

Լավրովը զարմանք է հայտնել, որ նրանք այնքան են ուզում Ռուսաստանին մեկուսացնելու համար պնդումներ գտնել, որ դրանք արհեստականորեն են ստեղծում:

 

Նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մոտ 70 երկիր չի աջակցել բանաձևին, իսկ նրանց հետ, որոնք քվեարկությանը չեն մասնակցել, այդ թիվը հասնում է 93-ի:

«Ստացվում է հավասար հաշիվ: Արևմտյան քարոզչությունը, այլ կերպ չի կարելի կոչել այն մեքենան, որն աշխատում է լրատվադաշտում, դա կմատուցի որպես հաղթանակ: Բայց մենք գիտենք այդ հաղթանակների գինը»,-ասել է նախարարը: