ՕԵԿ-ը թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ

23:24 • 29.03.14

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին օրենքի նախագիծ:
Օրենքի կարգավորման առարկան է՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկման մեջ կասկածվող անձանց բացահայտման պահից սկսած` վերջիններիս ուղղորդման, այդ անձանց մասին տեղեկատվության կուտակման և փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ՝ օժանդակության և պաշտպանության ապահովման հետ կապված հարաբերությունները, իսկ նպատակը` թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածների շահերից բխող՝ նրանց բացահայտումը, օժանդակության, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ եւ լիարժեք ապահովումը:

 


Թրաֆիքինգ կամ շահագործում է համարվում շահագործման նպատակով անչափահասին կամ հոգեկան խանգարման պատճառով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև` այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը, ինչպես նաև՝«այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, պարտադրանքը հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

 


Հատուկ կատեգորիայի զոհ է համարվում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձը, ով հայտնաբերման պահին հանդիսացել է անչափահաս կամ հոգեկան խանգարման պառճառով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա տիրապետելու հնարավորությունից զրկված անձ և որպես այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև` 18 տարին չլրացած անձ, ինչպես նաև` անձ, ում տարիքը անհայտ է, բայց կան ողջամիտ կասկածներ, որ չի լրացել նրա 18 տարին:
Առաջարկվում է ստեղծել թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ, որի աշխատակարգը և կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 


Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին ցուցաբերվող օժանդակությունը կարող է ներառել՝ ժամանակավոր կացարանի տրամադրումը, բնաիրային օգնությունը, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, բժշկական ծառայությունների տրամադրումը, սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնությունը, թարգմանչական ծառայությունների տրամադրումը, հիմնական կրթության ապահովումը աշխատանքի ապահովումը, միանվագ դրամական փոխհատուցումը: