Պանաման արգելել է կրկեսային ներկայացումների համար վայրի կենդանիներ ներկրել երկիր
Պանամայում բնության պաշտպանները կրկեսային ներկայացումներում օգտագործվելու համար վայրի կենդանիների ներկրման արգելքի են հասել: Կառավարությունն ընդունել է համապատասխան օրենքի նախագիծը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Փաստաթուղթը ենթադրում է Պանամայի տարածք ցանկացած տեսակի և ծագման վայրի կենդանիների ներկրման արգելք, որոնք «կրկեսային ներկայացումների, բեմադրությունների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մաս են համարվում, որտեղ տեղի է ունենում հանդիսատեսի հետ փոխազդեցություն»:
Բացի այդ, օրենքը երկամսյա ժամկետ է սահմանում, որի ընթացքում երկրում գործող կրկեսները պարտավոր են Պանամայի տարածքից դուրս հանել կենդանիներին, որոնց նրանք օգտագործում են իրենց համարներում:
Հրամանը չկատարելու դեպքում պետությունը 1-ից մինչև 10 միլիոն դոլարի չափով տուգանք է սահմանում:
Այս օրենքը չի վերաբերում պետական կենդանաբանական այգիներին, կենդանիների մասնավոր հավաքածուներին և վայրի բնության բնակիչների վերականգնողական կենտրոններին:
Վայրի կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունմամբ Պանաման միացել է այն երկրների խմբին՝ Բոլիվիա, Պերու, Պարագվայ, Կոլումբիա, Կոստա Ռիկա և Սալվադոր, որտեղ վերջին տարիներին նման միջոցներ են ձեռնարկվել:










