ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնվել դեպի Արևելք. Ռասմուսեն

13:47 • 30.03.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Welt am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը կշարունակվի, գրում է Корреспондент-ը։


«Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցությունն այս կազմակերպությանը մեր ժամանակի հաջողության տպավորիչ պատմությունն է։ Սակայն մեր խնդիրը դեռ ավարտված չէ»,- ասել է Ռասմուսենը։


Ռասմուսենը նշել է, որ յուրաքանչյուր եվրոպական պետություն, որն ընդունակ է Ալյանսի հիմնական սկզբունքներին հետևելուն աջակցել և որը կարող է իր ներդրումն անել իր ազդեցության գոտում անվտանգությունն ապահովելու հարցում, կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայց ներկայացնել։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի հետ գործընկերական հարաբերություններն այսուհետ պարբերաբար ամրապնդվելու են։ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում Ռասմուսենն անվանել է «միջազգային իրավունքի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության և գերակայության խախտում»։