Գրեթե բոլոր պտուղները ցուրտը տարել է. Ալիկ Պետրոսյանը նույնիսկ աջակցության հաշվեհամար բացելն է անիմաստ համարում

16:37 • 31.03.14

Եթե նախորդ տարի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց մայիսի 12-ին տեղացած կարկուտի պատճառով տուժած գյուղացիներին օժանդակելու համար, ապա նույնը անհնարին է անել երեկվա ձյան վնասները փոխհատուցելու համար:


«Այն ժամանակ մենակ Արմավիրն էր, սա ամբողջ Հայաստանի մասշտաբով է, բարդ է այս պարագայում: Ամբողջ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր պտուղները ցուրտը տարել է: Նման պարագայում էլ որևէ բան հնարավոր չէ անել, վնասի իրական չափերը հնարավոր կլինի հաշվել միայն 4-5 օր հետո»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Պետրոսյանը:


Ալիկ Պետրոսյանը միաժամանակ նշեց, որ բոլորս էլ գիտենք, որ ձյունը եղել է ամբողջ ՀՀ տարածքով, ինչը նշանակում է, որ ամբողջ տարի բերք չենք ունենալու:


«Էնպես չի, որ ասենք՝ վաղը տաք կլինի, պտուղ կունենանք, նշանակում է էս տարվա համար՝ վերջ: Շատ-շատ վատ բան է եղել, կորուստները շատ մեծ են, էնքան վատ բան է, որ չգիտեմ էլ ինչ ասեմ»,-ասաց նա:


Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ինքն արդեն այսօր Արմավիրի մարզի շուրջ 10 գյուղերում է եղել, և պատկերը ամենուր նույնն է.


«Գյուղացիների հետ ծառերն ենք նայում: Ծիրանի մոտ 95%-ը ցրտահարվել է, գիլազը, դեղձը՝ մոտ մեկ շաբաթից պարզ կլինի, թե ինչ չափով է վնասվել, խաղողի սորտեր են վնասվել, որի չափերը նորից մի քանի օրից պարզ կդառնա»,-ասաց նա: