Ավստրալիայի վարչապետը խոստացել է բացահայտել Boeing 777-ի անհետացման «առեղծվածը»

10:17 • 31.03.14

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն անհետացած մալայզիական Boeing 777 ինքնաթիռի ուղևորների հարազատներին խոստացել է բացահայտել օդանավի անհետացման «առեղծվածը», հայտնում է Газета-ն՝ The South China Morning Post-ին հղումով։

 

Վարչապետի խոսքով՝ Ավստրալիան կշարունակի օդանավի որոնողական աշխատանքները՝ չկրճատելով դրանց ինտենսիվությունն ու ծավալները։

 

«Սա չափազանց բարդ խնդիր է։ Մենք որոնողական աշխատանքներն իրականացնում ենք Հնդկական օվկիանոսի մեծ հատվածում՝ չունենալով բավարար տեղեկություններ։ Սակայն եթե այդ առեղծվածը հնարավոր է բացահայտել, ապա մենք կանենք դա»,- ասել է պաշտոնյան։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Boeing 777-ի որոնողական աշխատանքներով զբաղվում է 5 երկիր։ Հիշեցնենք, որ ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին։ Մալայզիայի մայրաքաղաքից դեպի Պեկին ուղևորվող օդանավում գտնվել է 239 մարդ։