Մասնագետները Կալիֆոռնիայի բնակիչներին կոչ են անում պատրաստվել կործանարար երկրաշարժի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչներին կոչ են անում պատրաստվել կործանարար երկրաշարժի և արտակարգ պայմաններում գոյատևմանը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Մարտի 29-ին ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը գրանցել էր երկրակեղևի 5.1 մագնիտուդով շարժ, ինչից հետո Լոս Անջելես շրջանում տեղի են ունեցել ավելի քան 100 կրկնվող սեյսմիկ ցնցումներ: Զոհեր և ավերածություններ չեն եղել, աննշան վնասվել են տները, որոնք գտնվել են էպիկենտրոնում` Լա Հաբրա քաղաքում:
Մասնագետներն այս կապացությամբ դիմել են կալիֆոռնիացիներին` կոչ անելով պատասխանատվությամբ վերաբերվել պատահածին:
«Մենք պետք է պատրաստ լինենք խոշոր աղետի»,- նշել է Երկրաբանական ծառայության աշխատակից Լյուսի Ջոնսը: Նրա խոսքով՝ 7-7.5 մագնիտուդով երկրաշարժը կարող է շարժման մեջ դնել երկրակեղևը:
Ամենատխուր սցենարի դեպքում հնարավոր է 3-18.000 զոհ, վնասը կգերազանցի 250 մլրդ դոլարը:










