Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆըրնիշը պաշտոնապես կամուսնանան
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆըրնիշը պաշտոնապես կամուսնանան՝ Անգլիայում և Ուելսում շաբաթ օրվանից ուժի մեջ մտած օրենքից հետո, որը թույլ է տալիս միասեռական զույգերի ամուսնություններ, հաղորդում է BBC-ն:
«Մենք դա շատ համեստ կանենք: Բայց մենք կանենք դա, և դա ուրախ առիթ կլինի»,- ասել է հայտնի երգիչը NBC-ի Today show-ի ժամանակ:
Ֆըրնիշը Las Vegas Review-Journal-ին պատմել է, որ արարողությունը տեղի կունենա Անգլիայի ամուսնությունների գրանցման գրասենյակներից մեկում մայիս ամսին:
Զույգը քաղաքացիական ամուսնության մեջ է 2005 թվականից: Քաղաքացիական միություն կնքելուն նվիրված՝ Վինձորում կազմակերպված արարողությունը բարձրակարգ իրադարձություն էր եղել՝ 650 հյուրերով: Ֆըրնիշի խոսքով՝ ամուսնությունն ավելի համեստ կլինի:
«Երեխաների հետ ամեն ինչ այլ կերպ է: Մտածում եմ՝ մայիսին մենք ընդամենը կգնանք գրանցման գրասենյակ, կվերցնենք մեզ հետ երեխաներին և վկաների»,-ասել է նա։
«Այս նոր օրենքի փոփոխությունն ուրախալի է, և մենք պետք է այն նշենք: Մենք չպետք է ասենք. «Դե մենք արդեն քաղաքացիական միություն ունենք ու չենք պատրաստվում զուր անհանգստանալ և ամուսնանալ: Մենք կամուսնանանք»,- ասել է Էլթոն Ջոնը:










