Կլիչկոն կոչ է արել Տիմոշենկոյին չառաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

16:52 • 31.03.14

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին չառաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ մասին նա գրել է գերմանական Bild պարբերականում, փոխանցում է Корреспондент-ը:



«Պյոտր Պորոշենկոն այս պահի դրությամբ հարցումներով առավել շատ աջակցությունն է վայելում, և հենց այդ պատճառով եմ ես նրան աջակցում: Յուլյա Տիմոշենկոն նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի և աջակցի Պորոշենկոյին»,- գրել է Կլիչկոն:

 

«ՈւԴԱՌ»-ի առաջնորդը խոստացել է նաև կատարել բոլոր խոստումները, որոնք նախկինում տվել է ընդդիմությունը, Կիևի քաղաքապետի պաշտոնում:

«Անձամբ ինձ համար այդ կորուստը չի նշանակում, որ ես ավելի քիչ կաշխատեմ Ուկրաինայի համար, այլ` ընդհակառակը: Հիմնական բարեփոխումները կսկսվեն Կիևում, և մայրաքաղաքից ամեն ինչ կախված կլինի: Ես կցանկանայի քաղաքապետի պաշտոնում կատարել այն բոլոր խոստումները, որոնք մենք տվել ենք մարդկանց` բարեփոխումներ, պայքար կաշառակերության դեմ, նոր Ուկրաինայի կառուցում»,- նշել է Կլիչկոն: