«Դոն Կիխոտ» հիմնադրամը Շանթ Հարությունյանին շնորհեց «Տարվա ասպետ» կոչումը
«Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամն այսօր անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին շնորհեց «Տարվա ասպետ» կոչումը:
«Նախախորհրդարանի» գրասենյակում անցկացվող միջոցառման ընթացքում հիմնադրամի նախագահ Վարդան Վարդանյանը պատվոգիրը շնորհեց Շանթ Հարությունյանի կնոջն ու որդուն, ինչպես նաև 100 հազ. դրամ, որը Շանթ Հարությունյանի պահանջով փոխանցվեց «Շանթ և ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին:
«Գուցե հարց առաջանա, թե ինչու է հիմնադրամը կոչվում «Դոն Կիխոտ» և ասենք ոչ «Սասունցի Դավիթ» կամ «Չինգիզ Խան» և այլն: Պատճառը մեկն է՝ Դոն Կիխոտը առանձնանում է բոլորից, վայելում է բոլոր ժողովուրդների համակրանքը, քանի որ նա խեղճերի պաշտպանն էր ու անսահմանափակ բարությամբ էր օժտված»,– ասաց Վարդան Վարդանյանը:
«Այս կերպարը պատկանում է բոլորին: Մարդի՛կ, մի՛ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց: Շանթի ընդվզումը ներկայումս Հայաստանում տիրող կարգերի անարդարության դեմ էր, այս վարչակազմի դեմ էր ու համահունչ էր հիմնադրամի որդեգրած նպատակներին»,- ավելացրեց նա:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, շնորհակալություն հայտնեց հորը ասպետի կոչում շնորհելու համար և ընդգծեց, թե այն իրականում բոլոր քաղբանտարկյալների կոչումն է:
«Հուսով եմ, որ նրանք բոլորը շուտ ազատ կարձակվեն ու կիրականացնեն իրենց կյանքի նպատակը՝ ազատ, անկախ Հայաստանի ծրագիրը»,- ասաց նա:










