Եվրահանձնաժողովը կհեշտացնի շենգենյան վիզաների տրամադրումը

16:25 • 31.03.14

Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Համապատասխան առաջարկը Եվրամիության հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է lb.ua-ն՝ հղում անելով Deutsche Welle-ին, որն էլ իր հերթին հղում է անում die Welt թերթին:

 

Վիզաների ստացման կանոնների հեշտացման վերաբերյալ նոր նախաձեռնության նպատակը ԵՄ-ի ներսում զբոսաշրջության զարգացմանը և տնտեսական աճին նպաստելն է:

 

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ շենգենյան վիզա ունեցող անձը կկարողանա դրա գործողության տարածքում մնալ 90 օրից ավելի: Ընդ որում՝ գտնվելու վերաբերյալ հստակ ժամկետներ չեն նշվում:

 

Բացի այդ, ԵՄ-ի մեջ չմտնող երկրների քաղաքացիները, որոնք պատրաստվում են այցելել Եվրամիությունում ապրող իրենց բարեկամներին, վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն շատ ավելի քիչ փաստաթղթեր, քան նախկինում:

 

Չի բացառվում նաև, որ վիզաների ստացման դիմումը հնարավոր կլինի ներկայացնել համացանցով կամ սահմանն անցնելիս:

 

Եվրահանձնաժողովի նախաձեռնության հիմնավորման մեջ նաև ասվում է, որ վիզաների ստացման կանոնների հեշտացումը կնպաստի ժողովուրդների և մշակույթների միջև կապերի ամրապնդմանը։