Շվեդիայում մեկ օրվա ընթացքում երկու անգամ ձերբակալել են միևնույն հանցագործին
Շվեդական Կարլստադ քաղաքում նույն օրվա մեջ երկու անգամ ձերբակալել են նույն հանցագործին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Անցնող հանգստյան օրերին ոստիկանությունն ահազանգ է ստացել թալանի մասին. դրանցից մեկը հնչել է «Ֆորեքս» ընկերության բաժանմունքում, որտեղ դանակով զինված տղամարդը գանձապահից գումար է պահանջել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը 22 տարեկան երիտասարդ է եղել։
Հարցաքննությունից հետո նրան կալանավորել են, սակայն մի քանի ժամ անց նրան կալանքի տակ առնելու որոշումը չեղյալ է համարվել, և նա ազատ է արձակվել։
Նույն օրը երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում կողոպուտի մասին ևս մեկ ահազանգ է ստացվել։ Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, պարզել են, որ հանցագործը նույն երիտասարդն է։










