Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների փաստաթղթերի ընդունումը
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի պաշտոնին հավակնող 24 մարդուց փաստաթղթեր և 2.5 մլն գրիվեն գրավադրում է ստացել, տեղեկացնում է Взгляд-ը։
Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 մարդ, սակայն ոչ բոլորն են փաստաթղթերը ձևակերպած եղել հարկ եղածի պես։ Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է կեսգիշերին։
ԿԸՀ մամուլի ծառայության տվյալներով՝ նախագահի պաշտոնի պաշտոնական հավակնորդի կարգավիճակ է ստացել արդեն 7 մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն և Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռուբինովիչը, նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը և «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը։
Խորհրդարանական 4 կուսակցությունները՝ «Բատկիվշչինան», «ՈւԴԱՌ»-ը, «Սվոբոդան» և Ռեգիոնների կուսակցությունը, համագումարներ են անցկացրել՝ նախագահի թեկնածուներ առաջադրելու հարցով։
«Բատկիվշչինան» առաջադրել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, «Սվոբոդան»՝ իր առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի թեկնածությունները։ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հրաժարվել է նախագահ դառնալու մտադրությունից և որոշել է մասնակցել Կիևի քաղաքապետի ընտրություններին, իսկ Ռեգիոնների կուսակցությունը սատարելու է Դոբկինի թեկնածությանը։










