Սպիտակ տան վրա կրակ բացած ամերիկացին ազատազրկվել է 25 տարով
ԱՄՆ-ի Սպիտակ տան ուղղությամբ 8 անգամ կրակած ամերիկացին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, հայտնում է lenta.ru-ն: Համապատասխան որոշում է կայացրել Վաշինգտոնի դաշնային դատարանը:
Ի սկզբանե 23-ամյա Օսկար Օրտեգա-Էրնանդեսը մեղադրվել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձի համար: Սակայն հետագայում այդ մեղադրանքը հանվել էր, քանի որ հարձակման պահին Օբաման ու նրա տիկինը Սպիտակ տան տարածքում չէին եղել:
Այնուամենայնիվ, ամերիկացու ագրեսիվ գործողությունները վտանգել են Օբամաների ընտանիքի մյուս երկու անդամների և անձնակազմի կյանքերը, ինչպես նաև վնաս են հասցրել շինությանը: Վնասը գնահատվում է 100 հազար ԱՄՆ դոլար:
Պաշտպանությունը պնդել է, որ հարձակման պահին երիտասարդը սթրեսի մեջ է եղել, ինչպես նաև «իրականությանը չհամապատասխանող համոզմունք է ունեցել, թե վրա է հասել աշխարհի վերջը»:
Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերին: Նրան բռնել էին հարձակումից հինգ օր անց:










