Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին

09:56 • 01.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Ուղերձում ասվում է հետևյալը.


«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:


Հարգելի՛ բարեկամներ,


Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց:


Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, նոր նվաճումների տարի»: