Խաչիկյանի գործով 3-րդ դատավորին միջնորդել են ինքնաբացարկ հայտնել

14:14 • 01.04.14

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատաքննությունը:
 

Դատավոր Արշակ Վարդանյանը կողմերից հարցրեց, թե ունե՞ն արդյոք ինքնաբացարկ: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ ունի ինքնաբացարկի միջնորդություն:


Նշենք, որ դատավոր Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն էր, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:


Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին էր և բուհն ավարտելուց հետո շարունակել են շփվել միմյանց հետ։


Արա Զաքարյանի խոսքով՝ դատավորը այնպիսի գործողություններ է արել, որն իրեն թույլ է տալիս մտածելու, որ անաչառ քննություն չի կատարվելու: Մասնավորապես՝ մերժել է իր պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդությունը:


Ըստ պաշտպանի՝ Հովհաննես Գրիգորյանը դրական է բնութագրվում, կա ԱԺ փոխնախագահի երաշխավորությունը, ունի հաշմանդամ հայր, անչափահաս երեխաներ իր խնամքին: Արա Զաքարյանի համոզմամբ՝ դատավորը կա՛մ պիտի կալանավորեր բոլոր ամբաստանյալներին, կա՛մ էլ բոլորին ազատ արձակեր:


«Փաստերը ողջամիտ կասկած են հարուցում և բացարկ եմ հայտնում»,-ասաց պաշտպանը: Ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները միացան ինքնաբացարկի միջնորդությանը:


Մեղադրողն առարկեց միջնորդությանը: Մի քանի հարցեր տալուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարկի քիչ անց:


Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք: Ըստ մեղադրանքի` Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։


Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: