Սաշա Բելիի սպանությունը քննող հանձնաժողովը պահանջել է Ավակովին հեռացնել Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից
Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ազգայնական խմբավորման առաջնորդ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բելի) սպանությունը հետաքննող Գերագույն ռադայի ժամանակավոր հանձնաժողովը պահանջել է ժամանակավորապես հեռացնել Արսեն Ավակովին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, տեղեկացնում է Взгляд-ը։
Հանձնաժողովի ներկայացուցիչների խոսքերով՝ դա անհրաժեշտ է օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ «Դա քաղաքական որոշում է։ Պարզապես Ավակովը չպետք է ազդեցություն ունենա հետաքննության ընթացքի վրա»,-կարծում են հանձնաժողովի անդամները։
Ենթադրվում է, որ այսօր խորհրդարանը կքննարկի այդ առաջարկությունը։
Ինչպես հաղորդել էր Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովը, Ալեքսանդր Մուզիչկոն մահացու վիրավորվել էր իրավապահների կողմից ձերբակալվելու պայմաններում։ Նրա խոսքով՝ Մուզիչկոն ձերբակալության ընթացքում զինված դիմադրություն էր ցույց տվել։
«Բատկիվշչինա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը բացառում է Ավակովի հրաժարականը։ «Մենք դա թույլ չենք տա»,-ասել է նա։










