Ղրիմում է մնում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի 79 նավ
Ղրիմի տարածքում ներկայում գտնվում է ուկրաինական ռազմածովային նավատորմի 79 նավ, հայտնել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովը, հաղորդում է BBC-ն:
Այդ մասին նա հայտարարել է Դաշնային խորհրդի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի և միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական համաձայնագրերի չեղյալ համարման հարցը:
Չիրկովի խոսքով՝ այժմ ուկրաինական կողմին նավերը փոխանցելու պատրաստություններ են ընթանում:
Չիրկովին հարցրել են նաև, թե Ղրիմում ուկրաինական զինված ուժերի քանի զինծառայող է ցանկություն հայտնել ծառայել ռուսական զինված ուժերում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինծառայողների մեծ մասը համաձայնել է ծառայել Ռուսաստանի զինված ուժերում:
Միևնույն ժամանակ, ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Լեոնիդ Պոլյակովը մարտի 26-ին հայտարարել է, որ զինծառայողների 90 տոկոսը, որոնք այդ պահին գտնվել են Ղրիմում, հավատարիմ են մնացել Ուկրաինային տված երդմանը:










