Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի կապ չունեն իսլամի հետ. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Սիրիայի Քեսաբ ավանի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Բնակավայրը տեղակայված է անմիջապես Թուրքիայի հետ սահմանին, և հենց այդ երկրի տարածքից են սկսվել գրոհայինների հարձակումները։
Instagram ծառայությունում Կադիրովը, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական տվյալներով՝ Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել են «Ալ Կաիդա» խմբավորման գրոհայիններ, այսպես կոչված՝ «Ան Նուսրայի ճակատ» և «Իսլամական ճակատ» խմբավորումներից։ Ես ամբողջ պատասխանատվությամբ, հիմնված իրավիճակի վրա, հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ։ Նրանք մուսուլման չեն»։
Նա դժգոհել է, որ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի իշխանությունները լռում են։ «Որտե՞ղ է Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարությունը։ Ինչո՞ւ են նրանք լռում։ Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարներ, զենք և հատուկ միջոցներ տրամադրում գրոհայիններին, որոնք դեմ են Սիրիայի օրինական իշխանություններին, սպանում են կանանց, ծերերին, երեխաներին։ Քանի՞ հազար սիրիացի դեռ պետք է սպանվի, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրները դադարեն աջակցել ահաբեկիչներին»,- գրել է Կադիրովը։










