Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը

10:34 • 01.04.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է վարչապետ Ժան Մարկ Էյրոյի հրաժարականի դիմումն ու նրա պաշտոնում նշանակել երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսին։

 

Ինչպես նշում է Лента-ն, այս որոշումը կապված է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության արձանագրած լուրջ տապալումներով։ Նախկին վարչապետ Էյրոն ու նախարարների կաբինետի մյուս մասն ինքնակամ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

 

Օլանդի կարծիքով՝ Վալսն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նախարարների կաբինետի կառավարման համար։ Այժմ նոր վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, որը կկարողանա առողջացնել երկրի տնտեսությունը, զարգացնել արդյունաբերությունը, ինչպես նաև հասնել սոցիալական արդարության։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 30-ին Ֆրանսիայում կայացել է ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլը, որի արդյունքում ձախակողմյան ուժերն իշխող դիրքերը կորցրել են մոտ 200 քաղաքում։