Ծառերի ծաղկումն արհեստականորեն ուշացնելու տեխնոլոգիան թանկ հաճույք է. գյուղփոխնախարար

19:40 • 01.04.14

Կան մի շարք տեխնոլոգիաներ, այդ թվում նաև՝ բերքատու ծառերի ծաղկումը արհեստականորեն երկարաձգող, որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ՝ բնության արհավիրքներից ապահովագրվելու համար, սակայն դա շատ թանկ հաճույք է:


Այս մասին Tert.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն քննադատությունները, ըստ որոնց՝ գյուղացիներին sms –ներ ուղարկելու փոխարեն գյուղնախարարությունը կարող էր օժանդակել գյուղացիներին տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

«Դա մեր գյուղացուն հասանելի չէ: Միայն արհեստական երկարաձգումը չէ, բազմաթիվ մեթոդներ կան. այգիների մեջ տեղադրում են տաք օդ, որը բոլոր ուղղություններով սփռում են. կան նմանատիպ ագրեգատներ, որոնք կցվում են տրակտորներին, և այդ ժամանակահատվածում տրակտորներն այգիներում անընդհատ պտույտներ են գործում՝ տաք հոսանք առաջացնելով: Նաև գլիցերին է օգտագործվում, բայց սրանք բոլորը խիստ թանկ հաճույքներ են»,- ասաց գյուղփոխնախարարը:

 

Հիշեցնենք, որ խիստ ավերիչ գնահատված ցրտահարության նախնական գնահատականներով՝ դրա հիմնական պատճառն այն է, որ այս տարի «գարունը 15 օր առաջ էր», այսինքն՝ ծառերը շուտ էին ծաղկել:


Գառնիկ Պետրոսյանը հավելեց, որ այդ տեխնոլոգիաները շատ բարձր կիրառելիություն չունեն նաև այլ երկրներում և օգտագործվում են միայն շատ բարձրարժեք մշակաբույսերի ու խաղողի այգիներում:

 

«Եվ երկրորդը՝ այլ երկրներում դեղձի և ծիրանի այգիները հիմնականում ցածրաճ այգիներ են՝ 2.5-3 մետր բարձրությամբ ծառերով, «ոչ թե մեզ նման 7-8-10 մետր բարձրությամբ ծառեր: «Ցածր» այգիներում ձեռնարկված միջոցառումները կարող են արդյունք տալ»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը: