«Պրավիյ սեկտոր»-ը հանձնվել է Կիևի ոստիկանությանը

11:00 • 01.04.14

Ուկրաինացի ուժայինները ստիպել են «Պրավիյ սեկտոր» ազգայնական կազմակերպության անդամներին լքել Կիևի կենտրոնում գտնվող «Դնեպր» հյուրանոցը, որը նրանք զբաղեցնում էին վերջին երկու շաբաթվա ընթացքում, rbc.ru-ն:

 

Շենքն այս գիշեր արգելափակել են ՆԳՆ աշխատակիցները Կիևի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: «Պրավիյ սեկտոր»-ի ներկայացուցիչը կրակ էր բացել «Մայդանի ինքնապաշտպանության» վրա, ինչի հետևանքով վիրավորվել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալը:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կրակողին, սակայն նրա ընկերները կարողացել են նրան հետ վերցնել և տանել իրենց հետ «Դնեպր» հյուրանոց: Դա ստիպել է ՆԳՆ-ին անցնել գրոհի՝ պահանջելով «Պրավիյ սեկտոր»-ին դուրս գալ և հանձնել անօրինական զենքը:

 

Մի քանի ժամ անց ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ում գրել է, որ «Պրավիյ սեկտոր»-ը դուրս է եկել հյուրանոցից առանց զենքի: «Նստել են ավտոբուսներ: Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ շարժվել են քաղաքից դուրս գտնվող ճամբարներից մեկը: ՆԳՆ մասնագետները սկսել են զննել դատարկված շենքը»,- հայտնել է նա: Հաղորդվում է նաև, որ գիշերը կրակող Անդրեյ Կոզյուբչիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից: