Պուտինի ապահարզանն արդեն փաստ է. Կրեմլի կայքի նրա ինքնակենսագրականում այլևս չի խոսվում նախկին կնոջ մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա նախկին տիկնոջ՝ Լյուդմիլայի ապահարզանն արդեն փաստ է: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը` Պուտինի նախկին կնոջ մասին այլևս չի նշվում ՌԴ նախագահի համառոտ ինքնակենսագրականում:
«Սա նշանակում է, որ ապահարզանը կայացել է», - ИТАР-ТАСС-ին մեկնաբանել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն Կրեմլի կայքում դեռևս բաժին կա, որտեղ հնարավոր է կարդալ Լյուդմիլա Պուտինայի մասին: Նրա մասին հիշատակումները չեն հանվել Պուտինի մանրամասն կենսագրությունից, որտեղ կա «Կինը. Լյուդմիլա» հատվածը:
Նախագահի ընդլայնված կենսագրության մեջ տեղ է գտել կարճ տեղեկություն աղջիկների ծնունդի մասին, ինչպես նաև՝ նրանց լուսանկարները: Այս բաժնում դեռևս որևէ տեղեկություն չկա ապահարզանի մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը կնոջից բաժանվելու մասին հայտարարել էր 2013-ի հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած են եղել 30 տարի:










