Քեսաբը գրաված զինյալները գերիներ են պահում քաղաքում. ԶԼՄ-ներ

23:20 • 01.04.14

Զինված ծայրահեղականները, որոնք գրավել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքը, այնտեղ մի խումբ գերիներ են պահում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1-ին տեղեկացրել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:


«Նրանց թվաքանակը հայտնի չէ, կապն այդ մարդկանց հետ ընդհատված է», - նշել է Սիրիայի հյուսիսում գտնվող թղթակիցը:


Սիրիայի զորքերը շրջափակման մեջ են վերցրել քաղաքը գրաված զինյալներին: Ինչպես հաղորդում է սիրիական հեռուստաալիքը` առաջնապահ զորքերը փակել են ճանապարհը Քեսաբի և ծովի մոտակայքում տեղակայված Սամրա գյուղի միջև, որը ևս գտնվում է ավազակախմբերի վերահսկողության ներքո:


Աղբյուրը նշում է, որ Բեյրութում Քեսաբի դեպքերի մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել տեղի հայկական «Դաշնակցություն», «Հնչակյան» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները: Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների հարձակումը հնագույն հայաբնակ քաղաքի վրա իրականացվել է «Թուրքիայի կողմից ռազմական և նյութատեխնիկական աջակցությամբ»: Լիբանանյան հայերը Անկարային են վերագրել «Քեսաբում ծայրահեղական խմբավորումների գործողությունների կողմից իրագործվող հանցագործությունների պատասխանատվությունը» և պահանջել են ՄԱԿ-ի ԱԽ-ից՝ զսպվածության ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա:


Բեյրութի Բուրջ-Համուդ հայկական արվարձանում զանգվածային ցույց է տեղի ունեցել` ի աջակցության սիրիացի եղբայրների: