Պատրաստ՝ սպասում ենք հրամանի. ԼՂՀ ԱԺ պատգամավորը` Քեսաբ զորաջոկատ ուղարկելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, ով օրեր առաջ պատրաստակամություն էր հայտնել առաջնորդելու Հայաստանից Սիրիայի հայաբնակ Քեսաբ ուղարկվելիք զորաջոկատը, Tert.am-ին ասաց, որ իրենք պատրաստ սպասում են հրամանի:
«Սիրիայի իշխանությունը պետք է համաձայնություն տա, որ մենք նույնպես որպես ստորաբաժանում օգնենք իրենց: Մենք առանց նրանց իրավունք չունենք անել դա, եթե թաքուն գնանք, դա կդիտարկեն որպես ահաբեկչություն: Մեր գնալու մասին պետք է իմանան և՛ մեր, և՛ Սիրիայի իշխանությունները»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Քեսաբ զորաջոկատ ուղարկելու անհրաժեշտությունը կա, որպեսզի իրենք իրենց փորձառությունն օգտագործեն այնտեղի մեր հայրենակիցներին օգնելու համար: «Դա արկածային որոշում չէ, այլ՝ լուրջ, հավասարակշռված որոշում, քանզի Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ թուրքը մեկ անգամ ևս ասում է՝ ես այսպես արել եմ, անում եմ և անելու եմ, թուրքի ձեռքը միանգամայն կտրել է պետք»,-ասաց պատգամավորը և ավելացրեց, որ իրենք նաև Քեսաբի առանձնահատկությունն են ընդգծում՝ որպես հին հայկական բնակավայրի, և որ այդ տարածքի գրավումը թուրքերի կողմից կոխկրտում է հայոց պատմությունը. «Մենք պետք է պատրաստ լինենք օգնելու, սատար կանգնելու մեր հայրենակիցներին, տեր լինելու մեր արժանապատվությանը»:
Վահան Բադասյանը նաև տեղեկացրեց, որ Արցախից և Հայաստանից հարյուրից ավել մարդիկ արդեն միացել են իրեն: «Ովքեր գտնում են իմ հեռախոսահամարը, զանգում և անդամագրվում են: Նրանց թվում են ազատամարտիկներ, երիտասարդներ, բանակում ծառայողներ, ռազմական մասնագետներ»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե հրաման լինի, անշուշտ, շատերը կգնան:










