«Ա-մոթ», «ա-մոթ». պատասխանող կողմին ուղղված վանկարկումներ ՍԴ դիմաց

12:05 • 02.04.14

13.06

Քաղաքացիները ծափահարություններով ճանապարհեցին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Այս պահին նրանք միմյանց հետ քննարկելով փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում վճիռը։


12.45

Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները բուռն ծափողջյուններով ընդունեցին ՍԴ-ից դուրս եկող պատգամավորներին և «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներին։


Իսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին դիմավորեցին «ա-մոթ» «ա-մոթ» վանկարկումներով։


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին՝ ասելով, թե իրենց շնորհիվ է, որ դատարանը նման որոշում կայացրեց։


Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռ վաղ է ուրախանալ, քանի որ օրենքը դեռ պետք է լրամշակվի, բայց ՍԴ-ի այսօրվա որոշումը պայքարի արդյունքն է։


«Ա-մոթ», «Ա-մոթ» վանկարկումներով դիմավորեցին նաև ՍԴ-ում պատասխանող կողմի ներկայացուցիչ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին։


12.05

«Կուտակային»-ի մասին ՍԴ որոշման հրապարակմանը զուգահեռ՝ մի շարք քաղաքացիներ հավաքվել են շենքի դիմաց

Մինչ Սահմանադրական դատարանում ընթերցվում է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռը, մի շարք քաղաքացիներ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հետ հավաքվել են ՍԴ շենքի դիմաց ու սպասում վճռի հրապարակմանը։

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները տարբեր միջոցներով դրսում հետևում են վճռի ընթերցմանը: Հավաքվածները իրենց կանխատեսումներն են անում վճռի հետ կապված:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց  պատկառելի տարիքով մի տղամարդ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը «այնպիսի վճռի կկարդա, որ սատանան անգամ գլուխ չի հանի»։

Այստեղ քիչ առաջ ժամանեց նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: