Լատվիայի մանկապարտեզներում տղաներին աղջիկների նման են հագցրել, աղջիկներին՝ տղաների
Լատվիայի մի շարք մանկապարտեզներում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց շրջանակներում երեխաներին հագցրել են հակառակ սեռի հագուստներ, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն՝ DELFI-ին հղումով։
«Պաշտպանենք մեր երեխաներին» կազմակերպության ակտիվիստների տվյալներով, բացի մանկապարտեզներից նման միջոցառումներ են կազմակերպվել Ելգավա քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում։ Միևնույն ժամանակ երեխաների ծնողներին ասել են, որ դա ընդամենը դիմակահանդես է, որի միջոցով երեխաները պետք է հաղորդակից լինեն հնագույն ազգային ավանդույթներին։
Նշվում է նաև, որ որոշ ժամանակ առաջ Լատվիայի մանկապարտեզներում հայտնվել են հայտարարություններ, որոնցում ծնողներին կոչ է արվել Բարեկենդանի տոնին երեխաներին բերել հակառակ սեռի հագուստներով։ Այսինքն՝ տղաներին հագցնել աղջկա պես, իսկ աղջիկներին՝ տղաների։
Ակտիվիստներն այս կապակցությամբ դիմել են երկրի կրթության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե ինչ նպատակով են անցկացվել այդ միջոցառումները։ Նրանց կարծիքով՝ «դիմակահանդեսը» կազմակերպվել է գենդերային հավասարության տեսության ներդրման ծրագրի շրջանակներում։










