Աուտիզմը հիվանդություն չէ, այլ՝ կենսակերպ. Ռիտա Սարգսյանի նոր երգը նվիրված է աուտիզմով հիվանդ երեխաներին (լուսանկարներ)
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առիթով այսօր ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ «Աուտիզմ ազգային հիմնադրամը» Երևանում քայլարշավ կազմակերպեց՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելով այս հիվանդությամբ տառապող երեխաների խնդիրների վրա: Երևանի քաղաքապետարանից մեկնարկած քայլարշավին մասնակցեցին աուտիզմ ունեցող ավելի քան 100 երեխա, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և այլք: Նրանց քաղաքապետարանի դիմաց ողջունեց և բարի երթ մաղթեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որից հետո մասնակիցները կապույտ փուչիկներով և իրազեկող պաստառներով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Ազատության հրապարակում տեղի ունեցավ աուտիզմով հիվանդ երեխաներին նվիրված «Աստծո հրեշտակներ» երգի շնորհանդեսը, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է, իսկ խոսքերինը՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Ռիտա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Աուտիկ երեխաները կոչվում են Աստծո հրեշտակներ: Աուտիզմը դա հիվանդություն չէ, այլ կենսակերպ է: Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ: Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»:
Երգը կատարեցին Ինգա և Անուշ Արշակյանները, ելույթ ունեցան նաև «Վաղորդյան կաթիլներ» վոկալ համույթը, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի մանկական նվագախումբն ու երգչախումբը, «Փոքրիկ նանեներ» պարային համույթը:
Ազատության հրապարակում տեղի ունեցավ նաև «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաների նկարների բացօթյա ցուցահանդես: Կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում:
«Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Սակայն դրա առաջացման վարկածներից են՝ հղիության ընթացքում առաջացող խնդիրները, ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները, հնարավոր է լինի ժառանգական մոտիվացիա, արտաքին միջավայրի գործոններ և այլն»,- ասաց նա:
«Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանը նշեց, որ այս ակցիայով իրենք միանում են ամբողջ աշխարհին: Նա ընդգծեց, որ ամեն տարի մի նոր գաղափար են իրականացնում:
«Հիմնադրամի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ հապաղումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց կրթության և զբաղվածության համար: Ամեն տարի միջոցառում ենք իրականացնում. նախորդ տարի գիտաժողով էին նախաձեռնել, մեկ այլ տարի ցուցահանդես հենց ՄԱԿ-ի գրասենյակում: Այս տարի երթը Երևանի քաղաքապետարանի մոտից սկսելը խորհրդանշական իմաստ ունի, քանի որ քաղաքապետարանը մեզ դպրոցի շենք հատկացրեց այս տարի և կաթսայատուն կառուցվեց դպրոցի համար»,- ասաց նա:










