Այս տարի ծիրանի մասին խոսք լինել չի կարող. գյուղապետերը մտահոգված են նաև կարտոֆիլով և խաղողով
Հանրապետությունում տեղացած ձյան և վերջին երկու օրերի ցրտահարության հետևանքները մի շարք գյուղերում լուրջ մտահոգություններ են առաջացրել: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում ասում են, որ այս տարի ծիրանի մասին խոսք լինել չի կարող, ցրտահարվել է նաև խաղողը, իսկ Տավուշի մարզում մտահոգված են կարտոֆիլի բերքով:
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցրտահարությունից հետո գյուղում շատ վատ վիճակ է ստեղծվել, ծիրանը վնասվել է 100%-ով, դեղձն ու կեռասը՝ 70-80%:
«Մի երկու օրից եղանակները մի քիչ տաքանան, արդեն ավելի պարզ կլինի վնասի չափը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք անցած տարի ունեցել են 2200 տոննա ծիրան.«Էս տարի ի՞նչ ծիրան, ծիրանի մասին խոսք լինել չի կարող»:
Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ իրենք 160 հա ծիրանի այգի ունեն, և ոչ մի միջոցառում էլ չէր կանխի ցրտահարությունը: «Ձյուն էր գալիս, քամին էլ հետը, իսկ ցուրտ ջերմաստիճանը տևական էր, ամեն տարի, որ ծխահարել ենք ծառերը, գիշերները մի քանի ժամով էր ցուրտ լինում, մաքսիմում չորս ժամ էր տևում, բայց էս անգամ ամբողջ կիրակի օրը –2 աստիճանից չբարձրացավ՝ այսօր առավոտվա ցուրտն էլ դեռ չհաշված»,- ասաց նա:
Իսկ գյուղացիների վիճակի մասին գյուղապետն ասաց, որ ասելու բան չկա, ստեղծված իրադրությունից դուրս գալու լուծումների մասով էլ ոչ մի հույս չեն տեսնում. «Ոչ մի բան էլ չենք կարող ասել, չգիտենք՝ ինչպես ենք էս գյուղացիներին օգնելու»:
Արմավիրի մարզի Արտամետ գյուղի գյուղապետ Անահիտ Դավթյանն էլ ասաց, որ գյուղում 600-700 հա պտղատու այգիներ ամբողջությամբ ցրտահարվել են, վնասվել են նաև ենթացանքսերը:
«Խաղողը դեռ պարզ չի, թե որքանով է վնասվել, բայց ծիրանի ու դեղձի մասին իմաստ չունի խոսել: Մեկ հա ծիրանի այգուց մոտ 5-10 հազար դոլար էին ստանում հողատերերը, էս տարի ոչ մի հույս էլ չկա, մեծ հողատերերը ընդհանրապես չգիտեն ինչ անեն, ծախս էին արել, էտել էին ծառերը»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այսօր գյուղատնտեսության նախարարն այցելելու է մարզ: Իրենք առայժմ ոչ մի լուծում չեն տեսնում, բայց գյուղում խոսակցություններ կար, որ մարդիկ ուզում են ձմերուկ ցանել:
Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի գյուղապետ Հարություն Չվչյանի փոխանցմամբ՝ գյուղում 140 հա խաղողի, ծիրանի և դեղձի այգիներ ունեն, որոնք ամբողջությամբ ցրտահարվել են:
«Անցած տարի կարկուտը տարավ, իսկ նախանցած տարի 270 տոնա ծիրան ենք ունեցել, էս տարի մի կիլոգրամի ակնկալիք անգամ չկա»,- ասաց նա և ավելացրեց. «Մենք ինչ կարող ենք ասել, Կառավարությունը պիտի որոշի, թե ինչպես պետք է լուծվի էս հարցը»:
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանն էլ ասաց, որ մտավախություն ունեն կարտոֆիլի հետ կապված, և հիմա վախենում են, որ այսօր առավոտյան գրանցված ջերմաստիճանի պայմաններում հնարավոր է նաև կարտոֆիլը ցրտահարված լինի: «Նույն պատմությունն էլ մեզ մոտ է, էսօր ավելի ցուրտ էր, ծիրան, արմավ, հոն, ինչը ծաղկել էր, լրիվ ցուրտը տարել ա»,- ասաց նա:










