Մալայզիական օդանավի անհետանալուց հետո քաղավիացիայի ինքնաթիռներին պետք է հետևել արբանյակներով. IATA

15:18 • 02.04.14

Մալայզիական ինքնաթիռի անհետացումից հետո միջազգային ավիացիոն կազմակերպություններն անհրաժեշտ են համարում ներդնել առցանց հետևելու թանկարժեք համակարգեր և բոլոր ինքնաթիռներին հետևել արբանյակի միջոցով, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Աշխարհում, որտեղ մեր ամեն քայլը հետապնդվում է, մենք չենք կարող ինքնաթիռին թույլ տալ անհետանալ»,- հայտարարել է International Air Transport Association-ի (IATA, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) գործադիր տնօրեն Թոնի Թայլերը։

 

Մեկնաբանելով այն փաստը, որ մալայզիական ինքնաթիռը մի քանի շաբաթ փնտրում են տասնյակ նավեր և ինքնաթիռներ՝ աշխարհի տարբեր երկրներից, և այն դեռ չի հայտնաբերվել՝ չնայած բազմիցս հաղորդվել է օվկիանոսում ենթադրյալ բեկորների հայտնաբերման մասին, Թայլերը խոստովանել է, որ պետք է փոխել օդանավերին հետևելու ողջ համակարգը։

 

Պարբերականը նշում է, որ որոշ դեպքերում իրական ժամանակում շարժմանը հետևելը կարող է մեկ ինքնաթիռի համար մինչև մի քանի հարյուր հազար դոլար արժենալ. այդքան արժե ինքնաթիռում համապատասխան սարքավորումների տեղադրումը։


Թոնի Թայլերը Մալայզիայի մայրաքաղաքում տեղի ունեցող համաժողովի ընթացքում գործընկերներին կոչ է արել քննել խնդիրն ու անհապաղ քայլեր ձեռնարկել։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ից։ Դրանում գտնվել է 239 մարդ։