Քննարկվել է չորս քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպումը, չեն բացառվում նրանց ելույթները հանրահավաքին. Ս. Մարգարյան
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ նիստում քննարկել է չորս քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպումը, այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Այս պահին չեմ կարող ասել, որ հանդիպման համար որևէ խնդիր կա, որևէ մեկի կողմից հրաժարվելու խնդիր չի դրվել, օրվա նպատակահարմարությունն ենք քննարկում»,-ասաց ԲՀԿ պատգամավորը։
Հարցին, թե քառակողմ հանդիպումը կլինի հանրահավաքից առա՞ջ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե այս պահին չի կարող ասել և կհայտնեն առաջիկայում։ Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ շուրջօրյա հանրահավաքին ոչ իշխանական ուժերի ղեկավարների ելույթները չի բացառվում։ «Դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։ Հանրահավաքի գրաֆիկն ամբողջությամբ կհրապարակվի»,-ասաց նա։
Ստեփան Մարգարյանը նաև նշեց, որ քննարկել են նաև երեկ հայտարարած միջոցառումների ծրագիրն ավելի մանրամասն։ «Որոշում ենք կայացրել սկսել գործընթաց մարզային հանրահավաքներից՝ հստակ է, որ իրազեկման հանրահավաքներ կլինեն Գյումրիում և Վանաձորում, մշակվում է այլ քաղաքներում նույնպես անցկացնել նման միջոցառումներ։ Օրերը կհայտարարվեն վաղը կամ մյուս օրը, իսկ առաջիկայում շուրջօրյա հանրահավաքը հստակ որոշված է»,-ասաց նա։
ԲՀԿ պատգամավորը նաև նշեց, որ աշխատանքային խմբեր են ստեղծել մի քանի ուղղությամբ՝ քարոզչական, երիտասարդական, կազմակերպչական։
Ստեփան Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլ ամսվա ընթացքում անցկացնելու են տնտեսական մեծ ֆորում, որի ժամանակ քննարկվելու են այն ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ապագա կառավարությունը։
«Տնտեսական մեծ մասնագիտական քննարկումը կլինի բաց»,-ասաց նա։
Բացի այդ քննարկել են նաև ՍԴ այսօրվա որոշումը։ «Բայց քանի որ տեքստ չունենք ձեռքի մանրամասն ուսումնասիրության համար, այդ իսկ պատճառով չորս ուժերով պայմանավորվել ենք հայտարարությունով հանդես գալ առաջիկայում։ Մի բան կարող ենք ֆիքսել, որ եթե քաղաքական ու քաղաքացիական ուժերը համագործակցում են, ինչ-որ դրական բան ստացում է դրանից»,-նշեց նա։










