Դեռևս վաղ է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագրի մասին. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

20:15 • 02.04.14

Դեռևս վաղ է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակացության գործողությունների ծրագրի իրականացման մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի 28 անդամ երների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:


«Հունիսին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ կվերլուծեն Վրաստանի և դաշինքին անդամագրվելու այլ թեկնածու պետությունների կողմից գրանցված առաջընթացը», - հայտարարել է գլխավոր քարտուղարը: Նա ընդգծել է Վրաստանի «զգալի հաջողությունները» ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու գործում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել այդ երկրին՝ զինվորականներ տրամադրելու համար, որոնք կմասնակցեն դաշինքի ռազմական գործողություններին:


«Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կգնահատվեն այդ հաջողությունները ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայանալիք գագաթնաժողովում, որը նշանակված է սեպտեմբերի 4-5-ը: Մենք համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ ունենք», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: