Ոստիկանները կասկածվում են հայտնաբերված դրամապանակից գումար հանելու մեջ

10:48 • 02.04.14

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ոստիկանները կասկածվում են 2014թ. փետրվարի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, քաղաքացի Մ. Թ.-ի կորցրած դրամապանակի միջից 901 դոլար հանելու մեջ:


Այս մասին հաղորդում է ՀՔԾ կայքը:


Նախաքննությամբ պարզվել է, որ դրամապանակում եղել է 16.000 ՀՀ դրամ, 901 ԱՄՆ դոլար, տարբեր փաստաթղթեր և բանկային քարտեր:


Մ. Թ.-ն դիմել է ոստիկաններին, ովքեր պարզել են, որ դրամապանակը գտել և իր մոտ է պահել 1931թ. ծնված Ի. Մ.-ն, որից, սակայն, 901 ԱՄՆ դոլարը բացակայել է: Ի. Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գտնելուց հետո այն չի բացել, գումարը չի վերցրել, այլ փոխանցել է իրեն բերման ենթարկած ոստիկաններին:


Սակայն ոստիկաններ Գ. Ա.-ն և Հ. Մ.-ն ժխտել են Ի. Մ.-ից դրամապանակը վերցնելու, առավել ևս` դրանից գումար հանելու հանգամանքը` պնդելով, որ բերման ենթարկելու ամբողջ ընթացքում դրամապանակը գտնվել է Ի. Մ.-ի մուշտակի գրպանում:


Կատարվում է նախաքննություն: