«Կարմիր բարոնը»՝ Շումախերը, առանց կոմայից դուրս գալու տուն կտեղափոխվի

23:03 • 02.04.14

«Ֆորմուլա-1-ի» լեգենդար ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերին բուժող բժիշկները կարծում են, որ այլևս պարտադիր չէ, որ նա մնա հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ Россия 24 հեռուստաալիքին հղումով:


Հանրահայտ մրցարշավորդն արդեն ամիսներ շարունակ գտնվում է կոմայի մեջ: Բժիշկների կարծիքով՝ նրան կարելի է տուն տեղափոխել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու, ինչը և պատրաստվում է անել նրա կինը՝ Կորինան:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կորինան պատրաստվում է Շումախերի համար ամբողջովին նորացված բուժկենտրոն կառուցել Ժնև լճի ափին գտնվող իրենց ընտանեկան առանձնատանը:


«Կարմիր բարոնը», ինչպես նրան անվանում էին «Ֆորմուլա-1-ի» մայրուղիներում, գանգուղեղային վնասվածք է ստացել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ: Մարզիկը երկու վիրահատություն է տարել՝ գտնվելով կոմայում: