Սաշա Բելին ձերբակալության ժամանակ կրակել է ինքն իրեն. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժման ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա կամ Սաշկո Բելի) մահվան պատճառների ծառայողական քննության եզրակացությունները, գրում է Deutsche Welle-ն։
ՆԳՆ-ի հրապարակած զեկույցի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Մուզիչկոն ձերբակալության ժամանակ ինքն իրեն է կրակել։
Ականատեսների և փորձագետների հարցման արդյունքում եզրակացվել է, որ երբ ոստիկանները սկսել են Մուզիչկոյին գցել գետնին, նա «2 անգամ կրակել է իրավապահների ուղղությամբ, որի ընթացքում մեկ անգամ վնասել է իրեն»։ Երբ Մուզիչկոն որոշել է ևս մեկ անգամ կրակել, չկարողանալով հաշվարկել իր շարժման ուղղությունը և փամփուշտի արձակման անկյունը, կրակել է անմիջապես իր սրտին։
Հերթական կրակոցից հետո, երբ Մուզիչկոն արդեն մահացած է եղել, ոստիկանության աշխատակիցները, չգիտակցելով այդ փաստը, խլել են նրա ատրճանակը և ձեռնաշղթաներ հագցրել։ Այսպիսով՝ հանձնաժողովն իրավապահների գործողություններն օրինական է ճանաչել։
Հիշեցնենք, որ Սաշա Բելին մահացել է լույս մարտի 25-ին։










