ՆԱՏՕ-ն դադարեցրել է շփումը Ռուսաստանի հետ և վերահաստատել է աջակցությունը Վրաստանին. Ապաթուրայ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Վրաստանին. ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
«Ինչպես այլ կազմակերպություններ, մենք դադարեցրինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելացրինք աջակցությունն Ուկրաինային և ևս մեկ անգամ աջակցություն հայտնեցինք Վրաստանին»,-գրել է Ջեյմս Ապաթուրայը։
Երեկ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Վրաստան նիստում դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Վրաստանը նկատելի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության և ռազմական բարեփոխումների առումով։
«Անցած տարվա նախագահական ընտրություններից հետո այս տարվա հունիսին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նոր անկյունաքար կլինեն Վրաստանի համար՝ ժողովրդավարության կայացման ճանապարհին»,- հայտարարել է Ռասմուսենը։










