Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը

18:00 • 03.04.14

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ABC հեռուստաընկերության եթերում պատմել է ոչ երկրային քաղաքակրթությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Ինչպես նշում է Лента-ն, նախկին ղեկավարը խոստովանել է, որ հավատում է նրանց գոյությանը, և մի անգամ իր օգնականների հետ եղել է Նևադայի այսպես կոչված «Գոտի 51»-ում, որպեսզի համոզվի, որ ռազմական այդ օբյեկտում այլմոլորակայիններ չկան։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Գոտի 51»-ն այնքան գաղտնի կայան է, որ ԱՄՆ-ի իշխանությունները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել դրա գոյության փաստը, ուստի զարմանալի չէ, որ դրա շուրջ մշտապես շրջանառվել են այլմոլորակայինների հետ կապված պատմություններ։

 

Քլինթոնը հավելել է, որ հետաքրքրվել է Նյու Մեխիկո նահանգում Ռոզուել քաղաքի պատմությամբ, որին մեծ ճանաչում է բերել 1947թ. ենթադրյալ ՉԹՕ-ի կործանման դեպքը։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքն ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերն ու եթե այլմոլորակայինների գոյության վերաբերյալ փաստեր գտներ, ապա անպայման կպատմեր այդ մասին ամերիկացիներին։

 

«Ես չեմ զարմանա, եթե մեզ մոտ մի օր այլմոլորակայիններ գան։ Միայն թե հույս ունեմ, որ նրանք իրենց նույն կերպ կպահեն, ինչպես «Անկախության օրը» ֆիլմում»,-ասել է Քլինթոնը։