ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է 2013թ. սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազը Հրաչ Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:
Մինչ Հրաչ Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեաական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:
Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, վերջիններս ոչ միայն չեն օգնում նախաքնությանը, այլ ճիշտ հակառակը, առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա, դրանից բխող հետևանքներով: ՀՀ գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Հիշեցնենք, որ երեկ պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով Հրաչ Մուրադյանի սպանությունը չբացահայտելու պատասխանը։










