ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ից պատասխան է ակնկալում Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայության ուժեղացման վերաբերյալ

13:43 • 03.04.14

ՌԴ ԱԳՆ-ն Հյուսիսատլանտյան դաշինք հարցում է ուղարկել՝ Արևելյան Եվրոպայի պետությունների տարածքում կազմակերպության զորակազմերի ներկայության աճի հետ կապված, գրում է ntv.ru-ն:

 

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ից պատասխան է ակնկալում, որը հիմնված կլինի համաձայնեցված կանոնների հարգման վրա:

 

«ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում գոյություն ունեն որոշակի կանոններ, մասնավորապես՝ Հռոմի հռչակագիրը, որի համաձայն Արևելյան Եվրոպայի պետությունների տարածքում չպետք է լինի մշտական հավելյալ ներկայություն: Ակնկալում ենք պատասխան՝ հիմնված մեզ հետ համաձայնեցված կանոնների հարգման վրա»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

Այն մասին, որ ՆԱՏՕ-ն, կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ, մտադիր է ուժեղացնել իր ներկայությունն Արևելյան Եվրոպայի երկրներում, հայտնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրների նախարարների խորհուրդը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցությունը և մեծացնել Ուկրաինայի հետ համագործակցությունը։