Մալայզիայի ոստիկանությունը հարցաքննում է անհետացած Boeing օդանավին մրգեր մատակարարողներին
Մալայզիայի ոստիկանությունը հարցաքննում է էկզոտիկ մրգերի մատակարարներին, որոնք սպասարկել են մարտի սկզբին անհետացած ուղևորատար Boeing ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է Express բրիտանական պարբերականը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանապետ Հալիդ Աբու Բաքարին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ անհետացած Boeing-ում 4 տոննա էկզոտիկ մրգեր են եղել: Մալայզիայի ոստիկանությունն այժմ հետաքննում է ապրանքի տերերի ներգրավվածությունը օդանավի անհետացման գործում: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ մրգի արկղերից մեկում կարող էր պայթուցիկ նյութ տեղադրված լինել:
Բաքարի տեղեկություններով՝ քննիչները պարզում են, թե ով է պատվիրել և վճարել մրգերի համար, ինչպես նաև՝ ով է դրանք հավաքել և փաթեթավորել Մալայզիայի պլանտացիաներում:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող 227 ուղևոր և անձնակզամի 12 անդամ տեղափոխող Boeing 777-200 օդանավը, որը փոխել էր Կուալա Լումպուրից Պեկին ընթացող MH370 չվերթի ուղղությունը, ռադարների տեսադաշտից անհետացել էր մարտի 8-ին՝ թռիչքից ժամեր անց:










