ՌԴ Անվտանգության ծառայության 26 աշխատակից մասնակցել է Մայդանի սպանություններին. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մասնակցել են այս տարվա փետրվարին Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը: Այդ մասին նա ասել է փետրվարի 18-20-ին Կիևում մարդկանց զանգվածային սպանությունների հետաքննության նախնական արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, գրում է УНИАН-ը:
«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 26 աշխատակից անմիջական մասնակցություն է ունեցել զանգվածային սպանություններին»,- հավելել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ անձինք Ուկրաինա են եկել հունվարի կեսին, և տեղեկություն կա, որ խմբերը տեղակայվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնի տարածքում: Բացի այդ, Նալիվայչենկոն նշել է, որ այնտեղ անցկացվել են կառավարական կապի գծեր, և այն ժամանակվա անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն անձամբ է նրանց մոտ եկել զեկուցումների համար։
Հաշվի առնելով դա՝ ուկրաինական իրավապահ մարմինները հարց են դրել ռուս գործընկերների առաջ, որպեսզի նրանք պատասխանեն, թե ինչ են արել իրենց մարդիկ Ուկրաինայի տարածքում։










